Իբրահիմ փաշա
Իբրահիմ փաշա | |
---|---|
Զինվորական կոչում | գեներալ |
Ծնվել է՝ | մարտի 4, 1789 |
Ծննդավայր | Դրամա կամ Կավալա[1] |
Մահացել է՝ | նոյեմբերի 10 (22), 1848[2][3] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Կահիրե | |
Երկիր | Եգիպտոս |
Տոհմ | Եգիպտոսի ալբանական գահատոհմ |
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | |
Հայր | Մուհամմադ Ալի |
Երեխաներ | Իսմայիլ-Փաշա, Ahmad Rifaat Pasha? և Mustafa Fazl Pasha? |
Հավատք | սուննի իսլամ |
Պարգևներ |
Իբրահիմ-փաշա - արաբ․՝ إبراهيم باشا بن محمد علي باشا بن إبراهيم آغا, թուրքերեն՝ Kavalalı İbrahim Paşa, 1789, Դրամա, Ռումելիա — նոյեմբերի 10 1848, Կահիրե, Եգիպտոս) — Կահիրեի նահանգապետ 1805—1806 թթ, Վերին Եգիպտոսի նահանգապետ 1812—1816 թթ., 1816-1841 թթ. Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատարը[4], Ջիդդայի և Հիջազի նահանգապետ 1817—1840 թթ., Դամասկոսի նահանգապետ 1832—1840 թթ. և Մորեայի նահանգապետ 1825—1828 թթ., 1847 թվականից՝ Եգիպտոսի փաստական կառավարիչը[4], պաշտոնապես՝ Եգիպտոս փաշա (ժամանակագրորեն 2-րդ փաշան)՝ ապրիլի 15 — նոյեմբերի 10 1848 թ.:
Եգիպտոսի 1-ին փաշայի՝ ծագումով ալբանացի ռազմական և պետական գործիչ Մուհամեդ Ալի կավալացու որդեգրյալ զավակը, գահակիցը և գահաժառանգը։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրահիմ-փաշան ծնվել է Օսմանյան կայսրության Ռումելիա նահանգում գտնվող հունական Դրամա քաղաքում՝ ուղղափառ քրիստոնյա հույն կնոջ և ոչ հստակ ծագման տղամարդու ընտանիքում, որի անունն էր Տուրմաձիս (հունական աղբյուրների տվյալներով՝ հարևան Կավալա քաղաքում), որը գտնվում էր օսմանյան Ռումելիա նահանգում, ներկայիս Արևմտյան Թրակիայում կամ Արևելյան Մակեդոնիայում, որն այժմ պատկանում է Հունաստանի հանրապետությանը։ Նորածին երեխայի անունը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ ապագա Իբրահիմ փաշայի ծնողները բաժանվել են, իսկ նրա մայրը կարողացել է ամուսնանալ ալբանացի զինվորական Մուհամեդ Ալի հետ, որն էլ որդեգրել է տղային՝ նրան տալով իր հոր՝ ալբանացի Իբրահիմ աղայի անունը և դաստիարակելով իսլամի ոգով։ Իր խորթ հոր՝ Մուհամեդ Ալիի՝ Մակեդոնիայի Կավալա քաղաքում ծնված լինելու հանգամանքն արտահայտվել է Իբրահիմ փաշայի հետագա պաշտոնական անվան մեջ. Օսմանյան կայսրությունում նա կոչվում էր Կավալացի Իբրահիմ փաշա (թուրքերեն՝ Kavalalı İbrahim Paşa)։ Ի դեպ նրան որդեգրած խորթ հայրն էլ՝ Մուհամեդ Ալին պաշտոնապես Օսմանյան կայսրությունում կոչվում էր Կավալացի Մեհմեթ փաշա (թուրքերեն՝ Kavalalı Mehmet Ali Paşa)։
Ծառայողական ուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրահիմը վաղ տարիքից անուն ձեռք բերեց՝ հաջող գործողություններ վարելով վերին Եգիպտոսում, ընդդեմ խռովարարների, Նուբիայում գործող փախստական մամլյուքների և Արաբիայում գործող վահհաբականների։ Վերջին ռազմարշավի ժամանակ (տե՛ս «Օսմանա-սաուդյան պատերազմ») նա գնահատեց եվրոպական ռազմական կարգապահությունը և ֆրանսիացի սպա-հրահանգիչների օգնությամբ սկսեց վերափոխել եգիպտական բանակը։
1819 թ. ռազմարշավներ կազմակերպեց դեպի հարավ, որոնց նպատակն էր Սեննարայի և Դարֆուրի ցեղերի հնազանդեցումը և Սուդանի ենթարկումը Եգիպտոսին։
1824 թվականի օգոստոսին Իբրահիմ-փաշան նշանակվեց եգիպտական նավատորմի հրամանատար։ Նավատորմը պետք է մասնակցեր հունական ապստամբության ճնշմանը։ Սկզբում հաջողությունը Իբրահիմի կողմն էր, բայց Նավարինի ճակատամարտում թուրք-եգիպտական նավատորմի պարտությունը հարկադրեց նրան վերադառնալ Եգիպտոս, որտեղ նա շարունակեց զորքի և նավատորմի բարեփոխումը։
1831 թվականին Մուհամեդ Ալին որոշեց հարձակվել Սիրիայի վրա, որն Օսմանյան կայսրության նահանգներից մեկն էր։ Սկսվեց Առաջին թուրք-եգիպտական պատերազմը։ Իբրահիմ-փաշան նշանակվեց զորքերի գլխավոր հրամանատար։ Չնայած խոլերայի պատճառով 5000 մարդու կորստին, երբ դեռ չէր դուրս եկել Եգիպտոսից, նա անակնկալ հայտնվելով Սիրիայի ափերին՝ հանկարծակիի բերելով գրավեց Ղազան, Յաֆֆան և Հայֆան, իսկ նույն տարվա նոյեմբերին պաշարեց Ակրան։ Եգիպտական բանակի երկու գրոհները հետ մղվեցին։ Պաշտպանվողներին օգնության էր գալիս Հալեպի կառավարչի՝ Օսման-փաշայի զորքը։ Սակայն Իբրահիմ-փաշան անսպասելի հարձակվեց Օսման փաշայի վրա, փախուստի մատնեց նրան, իսկ ապա՝ իր բոլոր զորքերը հավաքելով Ակրայի մերձակայքում՝ 1832 թ. մայիսի 27-ին գրոհով վերցրեց այդ բերդաքաղաքը։ Այնուհետև՝ գրավելով Դամասկոսը, Իբրահիմ-փաշան ջախջախեց թուրքերին Հոմսի և Բեյլանի մոտ. Ամբողջ Սիրիան հնազանդեցվեց։ Եգիպտոսից համալրումներ ստանալով, Իբրահիմ-փաշան շարունակեց հարձակումը և 1832 թ. դեկտեմբերի կեսին Կոնիայի (Իկոնիա) մոտ հանդիպեց սերասկյար (սպարապետ) Ռեշիդ-Մեհմետ-փաշայի զորքին։ Չնայած թուրքական բանակի վիթխարի թվական գերազանցությանը (56 հազարն ընդդեմ 15 հազարի), Իբրահիմ-փաշան գլխովին ջախջախեց հակառակորդին և նույնիսկ գերի վրեցրեց սերասկյար Ռեշիդին՝ 9 հազար մարդու հետ միասին։ Փոքր Ասիան նվաճվեց Եգիպտոսի բանակի կողմից։ Ավելին՝ Իբրահիմ-փաշայի նավատորմը կտրելով թուրքական նավերի ուղին, մոտենում էր Բոսֆորին, իսկ ինքը՝ հաղթողը ցամաքից էր մոտենում Օսմանյան կայսրության մայրաքաղաքին՝ Կոստանդնուպոլիսին, որից նրան բաժանում էր ընդամենը 6 օրվա ճանապարհ...
Իբրահիմին գուցե, հաջողվեր գրավել սուլթանի մայրաքաղաքը, եթե չլիներ հոր՝ Եգիպտոսի փաշա Մուհամեդ Ալիի հրամանը։ Վերջինս կարգադրում էր կանգնել և սպասել համալրումներին։ Այնինչ այդ կարճատև դադարը ժամանակ տվեց Ռուսաստանի կայսր Նիկոլայ I Ռոմանովին՝ Օսմանյան կայսրությանն օգնության ուղարկելու նավատորմ և զորքերի մի կորպուս։ 1833 թվականին ռուսական զորքերը պլացդարմ ստեղծեցին Կոստանդնուպոլսից դեպի հյուսիս։ Մեծ տերությունների միջորդությամբ՝ սկսվեցին բանակցություններ և Քյութահյան պայմանագրով (1833 թ. մայիսի 4) Մուհամեդ Ալին դարձավ Սիրիայի և Ադանայի փոխարքան (կուսակալը)։
Ի դեպ, 1833 թ. հուլիսին ստորագրվեց Ունքյար-Իսքիլիսեի պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև, որը պարտավորեցրեց երկու պետություններին՝ պատերազմի դեպքում միմյանց օգնության գալ։
Իբրահիմ-փաշան, նշանակվելով Սիրիայի (որը ներառում էր նաև Լիբանանն ու Պաղեստինը) և Կիլիկիայի կառավարիչ, նոր մարզերում կարգ ու կանոն մտցրեց և աջակցեց նրանցում արդյունաբերության զարգացմանը։ Սակայն նրա կառավարումը հաճախ ուղեկցվում էր տեղի բնակիչների ճնշումներով։ Ուստի, որպես դրանց հետևանք, 1834 թվականին խռովություն բռնկվեց, որն Իբրահիմը ճշնեց մեծ դաժանությամբ։
Բարձր Դուռը, այսինքն՝ Կոստանդնուպոլսի Օսմանյան կաjսերական արքունիքն էլ իր հերթին չէր ցանկանում հաշտվել Առաջին թուրք-եգիպտական պատերազմում կրած պարտության հետևանք հանդիսացող հարկադրական զիջումների հետ։ Արդյունքում 1839 թ. հուլիսին Օսմանյան սուլթան Մահմուդ II-ը դարձյալ պատերազմ հայտարարեց Մուհամեդ Ալուն։ Սկսված Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմում սկզբում Իբրահիմ-փաշան հաջողությունների հասավ. հուլիսի 24-ին նա Նիսիբինի կամ Մծբինի ճակատամարտում ջախջախեց թուրքական բանակը, սակայն Մուհամեդ Ալու հրամանները դարձյալ նրան հարկադրեցին հրաժարվել հետագա հաջողություններից։ Ուստի Երկրորդ թուրք-եգիպտական պատերազմը՝ եվրոպական տերությունների, գլխավորապես՝ Անգլիայի (ծովակալ Նեպիր) միջամտության հետևանքով անհաջողությամբ ավարտվեց եգիպտացիների համար։ Ինքը Իբրահիմ փաշան հազիվ փրկվեց Կալեթ-Մեյդանի ճակատամարտից հետո և շուտով ստիպված էր լիովին դուրս բերել իր զորքերը Սիրիայից։ Ի դեպ, Դամասկոսից նահանջը նա կատարեց ռազմարվեստի մեծ իմացությամբ։ Հաշտության կնքումից հետո, 1841 թ., Իբրահիմ փաշան հեռացավ իր տիրույթները՝ Հելիոպոլիսի հարթավայրերում, որտեղ զբաղվում էր գյուղատնտեսությամբ։
1844 թվականին՝ հոր վատառողջության պատճառով, նա դարձավ նրա գահակիցը։ 1848 թվականին նա դարձավ Եգիպտոսի փաշան, սակայն շուտով վախճանվեց։ Ոմանք նրա հանկարծահաս մահվան մեջ տեսնում են անգլիացիների կամ օսմանցիների ձեռքը։ Գահը ժառանգեց նրա եղբոր որդին՝ Աբաս փաշան։
Ընտանիք և զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իբրահիմ փաշան ուներ 7 կին, որոնցից ունեցավ 4 որդի և 3 դուստր։
- Արքայազն Մուհամեդ Իբրահիմ Ֆահմի Բեյ (1814—1819)
- Արքայազն Ահմեդ Ռիֆաաթ Փաշա (1825—1858)
- Արքայազն Իսմայիլ-փաշա (1830—1895), Եգիպտոս փաշա, ապա (1867-ից)՝ խեդիվ (1863—1879)
- Արքայազն Մուստաֆա Բահգատ Ալի Ֆազիլ Փաշա (1830—1875)
- Արքայադուստր Ֆաթիմա Խանում (մինչ 1819 — մինչ 1823)
- Արքայադուստր Ֆաթիմա Խանում (1823—1832)
- Արքայադուստր Ամինա Խանում (1827—1829)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փառքի Շքանշան (Թուրքիա, 1817)
- Սուրբ Հովսեփի Միաբանության Շքանշանի Ասպետ (Տոսկանա, 1845)
- Պատվո լեգեոնի Մեծ Խաչ (Ֆրանսիա, 1845)
- Աշտարակի և Սրի Միաբանության Շքանշանի Մեծ Խաչ (GCTE) (Պորտուգալիա, 1846)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зеленев Е. И. Египет. Средние века. Новое время. — СПб.: Изд-во Санкт-Петербургского университета, 1999.
- Зеленев Е. И. Государственное управление, судебная система и армия в Египте и Сирии (XVI — начало XX в.). — СПб.: Изд-во Санкт-Петербургского университета, 2003.
- Encyclopedia Britannica
- Ибрагим-паша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Egyptian Royalty Genealogy — by Christopher Buyers
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.britannica.com/biography/Ibrahim-Pasha
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 4,0 4,1 Советский энциклопедический словарь, Москва, 1988, стр. 472.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմ փաշա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 308)։ |
- Մարտի 4 ծնունդներ
- 1789 ծնունդներ
- Կավալա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1848 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Մուհամմադ Ալիի արքայատոհմ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության անձինք
- Եգիպտոսի թագավորներ
- Ռեգենտներ
- Փաշաներ
- Օսմանյան կայսրության ալբանացիներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության ֆելդմարշալներ